ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պուտինն ուրախ է Թրամփի համար, բայց շուտով կարող է զղջալ

Պուտինն ուրախ է Թրամփի համար, բայց շուտով կարող է զղջալ
11.11.2016 | 12:57

Դոնալդ Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում: Պուտինի հասցեին նրա որոշ ասույթներից շատերը եզրակացրել են, որ հանրապետականների հաղթանակը միանգամայն ձեռնտու է Ռուսաստանին, սական Ռուսաստանում ոչ միայն թեթևացած շունչ են քաշում՝ գրում է Բորիս Ռայտշուստերը Focus-ում:

Իհարկե, Մոսկվայում կուլիսներում բոլորը թեթևացած շունչ քաշեցին: Հիլարի Քլինթոնը, եթե դառնար նախագահ, Ռուսաստանը դարձնելու էր իր արտաքին քաղաքականության առանցքային թեմաներից մեկը և լրջորեն զբաղվելու էր ՌԴ նախագահով, որի հույսն ուներ ռուսական ընդդիմությունը: Քլինթոնը Պուտինի հետ անձնական շատ հաշիվներ ունի և եթե նա գա Սպիտակ տուն, Պուտինին Կրեմլում հաշված օրեր կմնան՝ այս բավականին համարձակ հույսը հաճախ էր բարձրաձայնվում հոկտեմբերին Վիլնյուսում անցկացված մեծ համաժողովի կուլիսային խոսակցություններում: Նույնիսկ եթե խոսքը ցանկալիի մասին է, որ իրականի տեղ էր ընդունվում, արդեն ընտրարշավի ժամանակ Քլինթոնը Պուտինի թեմայի վրա լուրջ խաղադրույքներ էր անում և լուրջ նպատակներ էլ կունենար, եթե դառնար պետության ղեկավար: Կրեմլը հույս ունի, որ Թրամփի հետ կանի այն, ինչ առաջարկեց Օբամային, ճիշտ է՝ անարդյունք՝ աշխարհագրական քարտեզի վրա ամրագրել երկու պետությունների ազդեցության գոտիները: Քննադատներն արդեն զգուշացնում են իր տեսակի մեջ «Յալթա II»-ից: Խոսքը Յալթայի կոնֆերանսի մասին է, որի ընթացքում 1945-ի փետրվարին Ֆրանկլին Ռուզվելտը, ՈՒինստոն Չերչիլը, Իոսիֆ Ստալինը հետպատերազմյան Եվրոպայի սահմանները գծեցին: Խոսում են Թրամփի օրոք ՆԱՏՕ-ի դիրքերի զանգվածային թուլացման մասին: Բալթյան երկրներում և ՈՒկրաինայում ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները շատերի համար իսկական շոկ էին: Այնտեղ վախենում են, որ Վաշինգտոնը կհրաժարվի նախկին սովետական հանրապետություններին աջակցելուց և կհանձնի Ռուսաստանի կամքին: Քլինթոնը նախըտրական ելույթներում Թրամփին անվանում էր «Պուտինի խամաճիկ»: ԶԼՄ-ներում, հղում անելով հատուկ ծառայություններին՝ տեղեկություններ կային, որ իբր Պուտինը Թրամփին վարկաբեկող սեքս օրգիաների տեսանկարահանում ունի՝ կատարված նրա Մոսկվա այցի ժամանակ, որի օգնությամբ կարող է ճնշում գործադրել Թրամփի վրա: Տեսագրության գոյության ապացույցներ չկան, բայց և նրանց գոյությունը բացառել պետք չէ՝ այդ ամենը ՊԱԿ-ի ավանդույթների մեջ է, որ Պուտինի օրոք դարձել են Մոսկվայի քաղաքականության հնարքներից մեկը:


Փաստը մնում է փաստ, որ նախագահի թեկնածու Թրամփը քանիցս Պուտինի մասին դրական է խոսել՝ անվանել է նրան «ուժեղ ղեկավար», գովել է «իր երկրի նկատմամբ ուժեղ վերահսկողության համար» և նախագահի նրա արդյունավետությունը բարձր է դասել Բարաք Օբամայի արդյունավետությունից: Զարմանալի չէ, որ Պուտինը եղավ նրա հաղթանակն առաջին շնորհավորողներից մեկը: Բայց Պուտինի շնորհավորանքում էյֆորիա չկար: Նա ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամից հանելու համատեղ աշխատանքի հույս էր հայտնում: Բավականին զգույշ ձևակերպում: Որ Պուտինը գրում է հույսի, այլ ոչ թե համոզվածության մասին, լավ մտածված քայլ է: Իրավիճակն ինչ-որ չափով բացատրում է Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի հայտարարությունը Վիեննայի գործարար շրջանակներում: Նա ասել է, որ ութ տարի առաջ մեծ հույսեր էին կապվում Սպիտակ տուն Օբամայի գալու հետ՝ այն ժամանակ շատերն էին սպասում ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սկզբին: Այդ ուղղությամբ նույնիսկ քայլեր էին արվել, սակայն «մենք հանգեցինք ոչ այնքան լավ արդյունքի»: «Այդ պատճառով՝ ես կարծում եմ, որ մենք պետք է զուսպ լինենք գնահատականներում, դեռ շատ պարզելու հարցեր կան»՝ նկատել է նախարարը: Այդ տեսակետին է և նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը, որ այսօր ընդդիմադիր հայացքներ ունի և բնակվում է Գերմանիայում: Կոխի խոսքով՝ Թրամփը այնքան էլ բարեկամաբար չի տրամադրված Պուտինի նկատմամբ, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Նա կարծում է, որ Թրամփն ու Պուտինը մերձեցման փուլից հետո արագ կվիճեն: Մի կողմից՝ Թրամփը հարկադրված է հաշվի նստել Կոնգրեսի հանրապետական մեծամասնության հետ, իսկ հանրապետական կուսակցությունը ավելի քննադատաբար է տրամադրված Պուտինի նկատմամբ, քան դեմոկրատներն ու Քլինթոնը:

Մյուս կողմից՝ Թրամփը, լինելով բիզնեսմեն, ավելի, քան ցանկացած քաղաքական գործիչ, վարժվել է, որ խոստումները պետք է կատարվեն: «Բայց Պուտինը միշտ դրժում է տված խոստումները, և եթե նա այդպես վարվի և Թրամփի հետ, նա, անտարակույս, կոշտ կարձագանքի»՝ կարծում է Ալֆրեդ Կոխը: Էներգետիկայի նախկին փոխնախարար Վլադիմիր Միլովը՝ նույնպես ընդդիմադիր հայացքների տեր, ավելի դրական է գնահատում Թրամփի հաղթանակի հետևանքները Պուտինի համար: Նրա խոսքով՝ Թրամփը կհանի Ռուսաստանի համար այդքան ցավագին պատժամիջոցները, ֆինանսական շուկաների սահմանափակումները և Ռուսաստանի թեման Թրամփի օրոք ԱՄՆ-ի քաղաքականության առանցքում չի լինի: Ավելի շուտ՝ Մոսկվայի հետ մարտավարական համագործակցության քայլեր կձեռնարկվեն արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով:
Բորիս ՌԱՅՏՇՈՒՍՏԵՐ, Focus


Հ.Գ. Հազիվ թե Դոնալդ Թրամփն ընդունի Կրեմլի առաջարկը՝ աշխարհագրական քարտեզի վրա ամրագրել երկու պետությունների ազդեցության գոտիները: «Յալթա II» չի կարող կայանալ, թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ը տարբեր տարածաշրջաններում ունեն շահեր, որոնցից այլևս չեն կարող հրաժարվել՝ չափազանց շատ խորացած լինելով: ԱՄՆ ընտրված նախագահը որոշ ժամանակից կարող է հանել միայն ԱՄՆ սահմանած պատժամիջոցները, բայց կան ԵՄ պատժամիջոցները և կա միասնական քաղաքականություն հասկացությունը, որը ԱՄՆ նորընտիր նախագահին բացատրելու բուռն ցանկություն են հայտնել թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, թե Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, թե Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, թե այլք: Բացի պատժամիջոցներից՝ կան Սիրիայի խնդիրը ու ՈՒկրաինայի հարցը, որտեղ բախվում են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերը: Եվ, իհարկե, կա ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցը, որ ընդգրկում է ոչ միայն բալթյան երկրները, այլև Հարավային Կովկասը: ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում կա Թուրքիայի խնդիրը, ու էլի տասնյակ հարցեր, որ որքան մերձեցնել, նույնքան կարող են հեռացնել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Բարեկամ Պուտինին մոռացած՝ Էրդողանն արդեն հրճվանքի պահեր է ապրում Թրամփի համար ու հեռախոսել է նրա հետ, սա ազդանշան է Կրեմլին, որ Անկարան կարող է վերադառնալ Արևմուտքի գիրկը, եթե Ֆեթուլլա Գյուլենի հարցը իր ցանկացած լուծումը ստանա:
Կփոխվի՞ ԵԱՀԿ Մինսկի անդամ ԱՄՆ-ի քաղաքականությունը: Այդ հարցը մանրադրամ կդառնա՞ ռուս-ամերիկյան հարաբերություններում, թե՞ կմնա ինքնուրույն քաղաքականություն: Մենք սովորաբար դատում ենք առանձին քայլերից, բայց կա գլոբալ քաղաքականություն, որի առանձին հատվածները իրար միացած են լինում, նույնիսկ եթե արտաքուստ դա չի երևում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ